Այսօր ժամը 19:30-ի սահմաններում Հանրապետության հրապարակում` Հանրապետական կուսակցության համերգ-հանրահավաքի ժամանակ, տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն, որի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ:
ԱԻՆ նախնական տվյալներով, Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:
Հրապարակում համերգը դադարեցված է: Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Նաիրի բժշկական կենտրոն` տուժածների վիճակին ծանոթանալու: Ըստ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի, տուժածների վիճակը բավարար է:
Միջոցառման մասնակիցներն ահավոր սարսափով են պատմում միջադեպի մասին: Նրանցից մեկի խոսքով, դեպքից քիչ առաջ մի խումբ պրոցական երեխաներ` ձեռքներին սպիտակ փուչիկներ, մտան հրապարակ և մոտեցան կենտրոնական մասին: “Մենք այդ պահին ժամացույցի կողմն էինք կանգնած: Մեկ էլ հենց բեմի դիմաց, մի բան օդ թռավ, կրակ ու ծուխ բարձրացավ, որից հետո իրարանցում սկսվեց. էն տեսնենք, որ ժողովուրդը սևացած, մի մասի մազերը վառված, այս ու այն կողմ են փախչում: Վայնասուն բարձրացավ, ծնողներն իրենց երեխաներին սկսեցին ձայն տալ, փնտրել: Վիրավորները երևի շատ էին, որովհետև որին հասցրեցին` շտապօգնության մեքենանրով տարան, մի մասին` ոստիկանության մեքենաներով”,-պատմում է ականատեսներից մեկը:
Նրա խոսքով, համերգը մի տասը րոպեի չափով ընդհատվեց, հետո բեմ դուրս եկավ Լեյլա Սարիբեկյանը, որին, սակայն, ոչ ոք չէր լսում...
Տեսանյութ` http://www.youtube.com/watch?v=HjQTy5n4uqI&feature=player_embedded