1992 թ. Սամսոն Ավետյանի ընտանիքը տեղափոխվում է Շվեդիա: Սամսոնն այդ ժամանակ 11 տարեկան էր: 16 տարի Շվեդիայում ապրելուց, կրթություն ստանալուց հետո Սամսոնը տեղափոխվում է Բոստոն` ուսումը շարունակելու Հարվարդի համալսարանում: Բոստոնում հանդիպում է ապագա կնոջը, որի ընտանիքը նույնպես 1992-ին էր Հայաստանից հեռացել: Ամուսնանալուց հետո որոշում է կայացնում վերադառնալ Հայաստան և հետագա կյանքն անցկացնել հայրենիքում:
Եվրոպան հրապուրիչ է, հնարավորություններով լի, սակայն Սամսոնը միաժամանակ զգացել է, որ այնտեղ դժվար է հարմարվել, իսկ եթե չհարմարվես, ապա կարիերայում էլ մեծ հաջողություններ մի ակնկալիր. «Լավ կարիերայի համար պետք է իրենց պես լինես, հայությունդ մի կողմ դնես, իսկ ինձ համար դա դժվար էր, չնայած որ փոքր տարիքում էի գնացել»:
Սամսոնը ֆինանսիստ է: «Arrow Global» ֆինանսական ընկերության գործադիր տնօրենն է, ինչպես նաև AInsights.com կայքի հիմնադիրը: Ոլորտը, որով զբաղվում է, Հայաստանում շատ թույլ է զարգացած` ֆինանսական ներդրումներ և խորհրդատվություն: Ուստի մինչ Հայաստան գալը լավ ուսումնասիրած լինելով հայաստանյան շուկան, մշակել է մի բիզնես մոդել, որով հնարավոր կլիներ, ապրելով Հայաստանում, գործունեություն իրականացնել ողջ աշխարհում: Դա էր պատճառը, որ իր ընկերությունը հիմնեց դրսում, և պատվիրատուների մեծ մասն էլ դրսից է:
Խոստովանում է, որ եթե աշխատանքն այնպիսին լիներ, որ ստիպված լիներ մնալ արտերկրում, միգուցե չվերադառնար: «Հայաստանում պետք է ստեղծվի այն բիզնես միջավայրը, որ մարդիկ հետ գան, հակառակ դեպքում շատ քչերն իրենց կարիերան կզոհաբերեն»:
Ի դեպ, Սամսոնը նաև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է եղել: Նրա կարծիքով` հիմնադրամը բավականին լավ արդյունքներ է ունեցել այն առումով, որ սովորածների զգալի մասը հետ է վերադարձել, բայց կարծում է, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի բոլորը հետ գան. «Եթե դու գնում ես, ստանում այն դիպլոմն ու կրթությունը, որը Հայաստանին այս պահին պետք չէ, ապա անիմաստ է վերադառնալը: Դրա համար էլ պետք է պետությունը բիզնես սեկտորի հետ համագործակցի, հասկանա` ինչ մասնագետներ են պետք և այդ ուղղությամբ մասնագետներ պատրաստի դրսում»:
Չնայած Եվրոպայում ապրելը մշակութային առումով դժվար է հայերի համար, հատկապես, եթե ուզում ես հայությունդ պահպանել, այնուամենայնիվ, աշխատանքային առաջընթաց ապահովելու հնարավորությունը շատ մեծ է:
Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ Հայաստանը շատ բան ունի սովորելու Եվրոպայից: 18 տարի դրսում ապրելուց և Հայաստան վերադառալուց հետո է միայն հասկացել, թե որքան արդյունավետ էին այն քայլերը, որ տարվում էին այնտեղ պետական կառավարման ոլորտում: «Երևանը Նյու Յորք կամ Լոնդոն չէ, հնարավորությունների առումով համեմատելի չէ, բայց սա քոնն է, այստեղ դու քեզ լավ ես զգում, և ամեն մի լավ քայլդ, որ անում ես, նպաստում է քո ժողովրդին, քո երկրին: Այդ առումով Հայաստանն անփոխարինելի է: Երեխաների համար էլ է այստեղ լավ, կարծում եմ` ուսումն էլ բարձր մակարդակի վրա է դրված, կան լավ դպրոցներ, համալսարաններ»:
Այդ ամենով հանդերձ, Հայաստանը փոքր երկիր է, զարգանալու տեղ շատ ունի, և երիտասարդ հայրենադարձը կարծում է, որ տնտեսական, քաղաքական, սոցիալական, կառավարման մշակույթի առումով մեր երկիրը պետք է օրինակներ վերցնի զարգացած երկրներից, սակայն հասկանալով, թե որ երկրից որ օրինակն է վերցնում:
Անդրադառնալով վերջին շրջանում ամենամեծ քննարկումների առիթ դարձած Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը` Սամսոնը կարծում է, որ Հայաստանի համար այս պահին օբյեկտիվ որոշում կայացնելը դժվար էր, ուստի ընտրվեց այդ ճանապարհը: Իսկ օբյեկտիվ որոշում կայացնել չկարողանալը, ըստ նրա, հետևանք է վերջին 20 տարիների տնտեսական ոչ արդյունավետ քաղաքականության. «Ցավոք, անկախությունից հետո մենք չկարողացանք մեր տնտեսությունն այնքան զարգացնել ու հզորացնել, որ կարողանայինք անկախ որոշում կայացնել»:
Արտագաղթի մասին խոսելիս ժամանակին այդ ճանապարհը բռնած ծնողների զավակը չի մեղադրում հեռացողներին, քանի որ իր ընտանիքի փորձից գիտի, թե որքան դժվար է հեռանալը. «Ոչ ոք չի ուզում դա անել, ստիպված է անում, որովհետև չկա որևէ երկիր, որտեղ դու քեզ զգաս բուն երկրի քաղաքացի, երկրի մի մաս: Դու դա կարող ես զգալ միայն քո երկրում, պարզապես պետք է քո երկիրը բարենպաստ միջավայր ստեղծի դրա համար»:
Նա համոզված է, որ ամենակարևոր բանը, որպեսզի մարդիկ չլքեն Հայաստանը, հույսն է: Եթե մարդիկ տեսնեն, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է առաջ գնում, ճիշտ որոշումներ են կայացվում, ապա նույնիսկ սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվելով` կհամբերեն ու չեն հեռանա: «Ցավոք, վերջին շրջանում որոշ քայլեր արվեցին, որոնք հարցականի տակ դրեցին այդ հույսը»,- նկատում է նա:
Միակ տարբերակը, որպեսզի արտագաղթը կանխվի, և գնացածները հետ գան, Հայաստանում բարենպաստ միջավայրի ստեղծումն է: Ավելին, այդ ժամանակ Հայաստան կգան նաև Սփյուռքի կարող ուժերը, իսկ մարդկային ռեսուրսն ամենակարևոր ներդրումն է երկրի զարգացման գործում. «Եվ եթե իսկապես Հայաստանում ստեղծվեն այնպիսի պայմաններ, ստեղծվի այդ հույսը, և Սփյուռքի ներուժը գա Հայաստան, ապա մեր երկիրը հսկայական թռիչք կարող է ունենալ: Փակ սահմաններ, պատերազմ և այլ խնդիրներ ունեն բոլոր երկրները: Կարելի է այնպիսի ոլորտներ զարգացնել, որոնք կախված չեն այդ խնդիրներից»:
Սամսոնի առաջնեկը ծնվել է Հայաստանում, և Հայաստան գալիս նա հույս է փայփայել, որ իր երեխան կմեծանա այստեղ ու իր ներդրումը կունենա երկրի զարգացման գործում: Բայց մի ցավոտ հեռանկար, այնուամենայնիվ, նրան հետապնդում է. «Եթե գա մի պահ, որ զգամ` մենք ավտորիտար երկրների օրինակն ենք վերցնում, բարեփոխումներ չեն արվում, չէի ուզենա, որ իմ երեխան հայտնվեր այն իրավիճակում, որում ես ու իմ ընտանիքը հայտնվեցինք 90-ականների սկզբին և ստիպված եղանք լքել Հայաստանը»:
Սամսոնը հույս ունի, որ նման բան տեղի չի ունենա, քանի որ Հայաստանում տեսնելով երիտասարդ առողջ սերունդ` հավատում է, որ հնարավոր է պայքարել և երկիրը բարեփոխել: «Երկիրը լքելը մի տեսակ պարտվողական քայլ է, դա պետք է լինի ամենավերջին տարբերակը, երբ ամեն ինչ փորձել ես ու սպառել պայքարի բոլոր ձևերը: Միգուցե օր գա, որ ես էլ նման որոշում կայացնեմ, բայց այսօր բոլորս պետք է ազդենք, որ Հայաստանում դրական փոփոխություններ լինեն, դա ոչ ոք երկնքից մեզ չի տալու: Ես այստեղ եմ, որպեսզի ազդեմ…»: