«Գրեթե մեկ տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում, բայց կարծես երկար տարիներ ապրել եմ այստեղ։ Անկեղծ ասած, իմ գալուց մեկ շաբաթ առաջ փոքր-ինչ նյարդային էի, որովհետև պատրաստվում էի դուրս գալ իմ հարմարավետության շրջանակներից և չգիտեի, թե ինչպես է ստացվելու ամեն ինչ, սակայն ինքնավստահ էի․ գիտեի, որ ճիշտ ճանապարհի վրա եմ… Այս մեկ տարվա ընթացքում ես կարողացա տուն գնել, վերանորոգել այն, կահույք գնել, դառնալ Հայաստանի քաղաքացի, զինգրքույկ ձեռք բերել, բացել բանկային հաշիվ, ստեղծել շրջապատ ու շարունակել աշխատացնել իմ օնլայն բիզնեսը։ Մի խոսքով, կարելի է ասել, ես ամբողջովին հաստատվել եմ Հայաստանում այս կարճ ժամանակահատվածում։ Իհարկե սա չեմ ասում գլուխ գովելու համար: Պարզապես, եթե ինձ նման մեկը, ով բնավ հարուստ չէր, ընդհանրապես ոչինչ չուներ Հայաստանում ու ընդամենը ֆիզիկա էր դասավանդում Կալիֆոռնիայի քոլեջներից մեկում, կարողացավ կամքի ուժով տեղափոխվել Հայրենիք, ապա բոլորն էլ կկարողանան, եթե իհարկե ունենան մեծ ցանկություն։ Ես նախկինում ասել եմ և նորից կրկնեմ՝ Հայաստան տեղափոխվելն առայժմ իմ կյանքի լավագույն որոշումն է․ միայն ափսոսում եմ, որ ավելի շուտ չեմ դիմել այդ քայլին։ Ամեն դեպքում՝ ավելի լավ է ուշ, քան երբեք. ամեն ինչ իր ժամանակն ունի»։
Քանի որ խոսք եղավ գենի մասին, մի քանի խոսքով ներկայացնեմ նաև Հայկի հոր՝ Ռոբերտ Նազարյանի պատմությունը: Նա խորհրդային ժամանակաշրջանի այլախոհներից էր. շուրջ 7 տարի անցկացրել է ազատազրկման վայրում և երբ ազատ է արձակվել՝ 1980-ականներին, որոշել է հեռանալ Խորհրդային Հայաստանից ու 1988-ին մեկնել է Միացյալ Նահանգներ: 2016 թ., երբ 28-ամյա որդին որոշել է հետագա կյանքը շարունակել Հայաստանում, նրա հետ շուրջ 30 տարվա բացակայությունից հետո հայրենիք է վերադարձել նաև ինքը:
Ռոբերտ Նազարյանի կյանքը հետաքրքիր պատմություն է, որին արժե անդրադառնալ առանձին: Այժմ այն մասին, թե ինչպես Հայկը վտարվեց ամերիկյան ավագ դպրոցից, չկարողացավ հարմարվել ամերիկյան միջավայրին, ինչպես որոշեց ինքնուրույն հայերեն սովորել ու երբ որոշեց Հայաստան տեղափոխվել:
Հայկն ամերիկյան դպրոցում հաճախ էր ընդդիմանում: Նրան դուր չէր գալիս այդ երկրի կրթական համակարգը: Ասում է՝ Հայաստանում սխալ կարծիք ունեն ամերիկյան դպրոցի մասին և փորձում են ընդօրինակել, իբր առաջադեմ է: «Բայց այնտեղ մանիպուլյացիան ու կեղծարարությունը շատ է, ավելի շատ քարոզչություն է, քան ուսում,- ասում է Հայկն ու հավելում, որ իր սովորելու տարիներին երբեք, օրինակ, Շեքսպիր կամ Ջեկ Լոնդոն չեն հանձնարարել կարդալ,- փոխարենը՝ կեղծ հոլոքոստի կամ, ասենք, սևամորթներին ճնշելու պատմություններ, մի խոսքով՝ միայն հրեական քարոզչություն, որին ես դեմ էի»:
Դպրոցում միակ առարկան, որի հետ կապված առարկություններ չուներ ու շատ լավ էր սովորում, մաթեմատիկան էր: «Սովորում էի, որովհետև միակ առարկան էր, որ հնարավոր չէր կեղծել»,- ծիծաղում է Հայկը:
Ի վերջո, 16 տարեկանում Հայկին ավագ դպրոցից հեռացնում են, քանի որ դասերին լուրջ չէր վերաբերվում, չէր կարդում դպրոցի հանձնարարած գրքերը: Փոխարենը տանը կարդում էր իր նախընտրած գրքերը: Դպրոցից դուրս է գալիս, սկսում աշխատել: Սակայն 3 տարի անց, այնուամենայնիվ, որոշում է կրթությունը շարունակել և ընդունվում է Գլենդելի քոլեջ՝ ընտրելով ֆիզիկայի ուղղությունը: Հետո ընդունվում է Կալիֆոռնիայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ: Երբ ավարտում է համալսարանի բակալավրիատը, որոշում է իրեն նվեր մատուցել և առաջին անգամ գալիս է Հայաստան շրջագայելու:
2013 թվականն էր, 6 շաբաթով էր եկել: Քանի որ բարեկամներ ու ազգականներ չուներ, խնդրում է, որ հայաստանցի ընկերներից մեկն իր համար վարձով բնակարան գտնի: «Ընկերս բնակարան գտավ Գարեգին Նժդեհի հրապարակի մոտ, ես էլ մտածեցի՝ երևի լավ տեղ է, որ անունը Գարեգին Նժդեհ է: Եկա, լրիվ ուրիշ բան դուրս եկավ»,- արդեն ծիծաղելով հիշում է նա:
Վեց շաբաթվա ընթացքում Հայկը հասցնում է լինել ոչ միայն Հայաստանի տեսարժան վայրերում, այլև Արցախ այցելել: Տպավորված ու Հայաստան տեղափոխվելու միտքն ամրապնդած՝ վերադառնում է ԱՄՆ: 2015 թ., երբ ավարտում է նաև համալսարանի մագիստրատուրան և աշխատանքի անցնում քոլեջում իբրև ֆիզիկայի ուսուցիչ, սկսում է ավելի լրջորեն մտածել Հայաստան տեղափոխվելու մասին, քանի որ զգում էր, որ չունի այն, ինչ իրականում ուզում է, և Հայաստան տեղափոխվելու միտքը դառնում է հստակ որոշում: 2016 թ. ապրիլյան դեպքերից հետո օր առաջ ուզում էր հասնել Հայաստան: 2016 թ. նոյեմբերին արդեն Հայաստանում էր:
Եկած օրվանից Հայկը մի նպատակ է հետապնդում՝ իբրև պայմանագրային զինծառայող ծառայության անցնել Հայաստանի զինված ուժերում: «Քանի որ Հայաստանում եմ ապրում, պիտի ծառայեմ: Երբ ինձ հարցնեն՝ ծառայե՞լ ես, իմ պատասխանը պետք է լինի՝ այո: Բոլորը պետք է ծառայեն, այդ թվում և ղեկավարները, որովհետև ղեկավարը պետք է նաև առաջնորդ լինի, ոչ միայն ղեկավար, ու պիտի օրինակ ծառայի մյուսների համար: Ես էլ իմ հերթին ուզում եմ օրինակ ծառայել Սփյուռքում ապրող մեր հայրենասեր հայերի համար, ոգևորել նրանց: Ես չգիտեմ՝ ուրիշ մեկը եկե՞լ է Սփյուռքից, որ հատուկ ծառայության անցնի բանակում: Համենայն դեպս, ինչ-որ մեկը պետք է առաջին քայլն անի, ինչո՞ւ առաջինը ես չլինեմ»:
Ընդ որում, Հայկը որոշել է ծառայել սահմանում. եթե կամավոր եկել է ծառայելու, պիտի ամենաբարդ պայմաններում ծառայությունն անցնի: Հայրենասիրության մասին 28-ամյա երիտասարդի պատկերացումները հստակ են, ինչպես իր սիրած առարկան՝ մաթեմատիկան, որը ենթադրում է միայն ապացույցներ: «Ինձ համար հայը նա է, ով Հայաստանում է ապրում ու հայերեն է խոսում: Ես երկու ընտրություն ունեի. առաջինը՝ մնալ Ամերիկայում ու ձուլվել, դառնալ ամերիկացի, ինչը բնականոն երևույթ է, երկրորդը՝ Հայաստան գալ ու հայ մնալ: Ես ընտրեցի երկրորդ տարբերակը»:
Հայկը չի ընդունում նաև Հայաստանի հասցեին դրսից հնչող քննադատությունները. «Սփյուռքում դրոշակ ծածանող կեղծ հայրենասերները պետք է իրենց մեծ բերանները փակեն Հայաստանի ներքին քաղաքական կյանքի վերաբերյալ, նամանավանդ, եթե նպատակ չունեն մշտական բնակության նպատակով վերադառնալ հայրենիք: Համոզված եմ, որ եթե այժմյան իշխանությունը հեռանա, ինչպես շատերը Սփյուռքում պահանջում են, և ամենալավ կառավարությունը գա, Հիսուս Քրիստոսն էլ դառնա նախագահ, մեծամասնությունն էլի չի վերադառնա Հայաստան»։
Ծնվելով ու ապրելով Միացյալ Նահանգներում՝ Հայկը եկել է այն եզրակացության, որ կոռուպցիա ամեն տեղ կա, իսկ ամենակոռումպացվածը Վաշինգտոնի կառավարությունն է: Առհասարակ Ամերիկայի մասին Հայկի պատկերացումները մի քիչ դուրս են ստանդարտ ընկալումներից: Նա, օրինակ, կարծում է, որ Ամերիկան ազատություն է քարոզում, բայց ազատության ամենամեծ թշնամին է: Հայկը պաշտամունքային վերաբերմունք ունի հայոց լեզվի նկատմամբ: Դեռ 17 տարեկան էր, երբ որոշեց ինքնակամ զարգացնել մայրենին, որը Միացյալ Նահանգներում ընդամենը կենցաղային-խոսակցական մակարդակում էր: Հիմա էլ Հայաստանում է շարունակում կատարելագործել: Ասում է՝ պետք է իդեալական տիրապետի թե՛ խոսակցականին, թե՛ գրավորին: Չնայած Հայկը շատ ավելի գրագետ հայերեն է խոսում ու գրում, քան Հայաստանում ծնված-մեծացածներից շատերը:
Հայկի ֆեյսբուքյան էջում հաճախ կարելի է տեսնել լեզվի մասին գրառումներ, օրինակ՝ մեջբերում Ղազարոս Աղայանից. «Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինել, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել»:
Հայկը կարծում է, որ լեզուն մեր մշակույթի հիմնաքարն է, որը պետք է զերծ պահել օտար բառերից, ինչպես արյունը՝ օտար գեներից և հողը՝ օտար թշնամիներից: «Ես էլ մի այլ ծայրահեղություն եմ,- ասում է,- եթե հայ եմ, չպիտի կիսատ-պռատ հայ լինեմ, պիտի լիարժեք հայ լինեմ»: