​Գիշերօթիկ, հետո ծերանոց, հետո…Հայաստան. դառը ճակատագրի քաղցր հանգրվանը

46398_large

«Վերջապես գտա իմ երկիրը, իմ տունը, իսկ առաջ ես չգիտեի՝ ինչ եմ, ով եմ… Դա շատ վատ զգացում է, երբ չգիտես՝ ինչ պիտի ասես, երբ հարցնում են՝ լիբանանցի ես, սիրիացի ես, թե ինչ ես: Հիմա ես կարող եմ ասել՝ հայ եմ ու հայաստանցի եմ»,- ասում է 29-ամյա Ջոնի Կոնդակջյանը, որի կյանքի պատմությունը իսկական դրամատիկ սյուժե է:

Ջոնին ծնվել է Հալեպում: Մայրը 5 դուստր ուներ, երբ ծնվում է ինքը: Նշում եմ՝ մայրը, որովհետև Ջոնիի հայրը քույրերի հետ կապ չուներ: Ասենք՝ իր հետ էլ կապ չուներ, քանի որ ընդամենը կենսաբանական հայր էր, որ որդու ծնվելուց հետո անհետացել էր: Ջոնին 11 տարեկան էր, երբ մայրը քաղցկեղից մահացավ: Ավագ քույրերն արդեն ամուսնացել էին ու տեղափոխվել Կանադա և Սիրիայի հեռավոր քաղաքներից մեկը: Ինքն ու իրենից 2 տարով մեծ քույրը մնացել էին որբ ու անօգնական: Այդ ժամանակ մորեղբայրը, որ ապրում էր Լիբանանում, մեծ դժվարությամբ (քանի որ երեխաներն անձնագիր չունեին) իրեն ու քրոջը տեղափոխում է Լիբանան և տեղավորում արաբական գիշերօթիկներից մեկում: Երկու տարի անց մորեղբայրը նույնպես մահանում է: Միակ խնամակալն աշխարհում մնում է Լիբանանի հեռավոր քաղաքներից մեկում սարերի վրա ծվարած գիշերօթիկը. «Չկա աշխարհում մեկը, որ մեծացած լինի գիշերօթիկում և քեզ ասի, որ այնտեղ լավ էր: Բայց մի բան կա, որ առաջ չէի հասկանում և ընդդիմանում էի, թե ինչու է էսպես, ինչու են կոպիտ, ինչու պետք է առավոտյան այս ժամին զարթնեմ, իմ անկողինը ես հավաքեմ և այլն: Հիմա հասկանում եմ՝ այդ ամենը նաև ինչքան կարևոր էր ինձ համար ու հետագայում ինչքան անհրաժեշտ»:

Johny Kondakjian Eagle-ի լուսանկարը:Գիշերօթիկ տեղափոխվելուց մեկուկես տարի անց քույրը վերադառնում է Սիրիա, ընդունվում համալսարան, հետո ամուսնանում ու կյանքը դասավորում: Ջոնին շարունակում է մնալ գիշերօթիկում շուրջ 9 տարի: 9-րդ դասարանն ավարտելուց հետո, անձնագիր չունենալու պատճառով չի կարողանում մասնակցել պետական քննությանը, որպեսզի շարունակի կրթությունը ավագ դպրոցում և հետո ընդունվի համալսարան: Իսկ 18 տարեկանը լրանալուց հետո պետք է լքեր գիշերօթիկը, մինչդեռ գնալու տեղ չուներ: Դիմում է մայրապետին, որպեսզի օգնի կապ հաստատել հայկական շրջանակների հետ:

Գնում են Բեյրութ, դիմում Լիբանանի թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչարյանին: Վերջինս խոստանում է օգնել տղային, առաջարկում է սենյակ հայկական ծերանոցում: Ծիծաղում է. «Գիշերօթիկից էս անգամ տեղափոխվեցի ծերանոց»:

Ճիշտ է՝ Ջոնին ծերանոցի միակ երիտասարդն էր, բայց գոհ էր, որ գոնե գլխավերևում ծածկ ունի ու մի կտոր հաց, ամենակարևորը՝ հնարավորություն շփվելու հայրենակիցների հետ և վերհիշելու հայերենը, որը մոր մահից հետո գրեթե մոռացել էր: Ապրելով հայկական եկեղեցու և բարեգործական հիմնադրամների հովանու ներքո գործող ծերանոցում՝ Ջոնին սկսում է աշխատել այդ կառույցների համար իբրև փոստատար: Մեկ տարի անց որոշում է նոր աշխատանք գտնել: Դիմում է Լիբանանի քրիստոնյա արաբներին պատկանող հայտնի հեռուստաընկերություններից մեկի սեփականատիրոջը՝ խնդրելով իրեն աշխատանքի ընդունել: «Ասացի՝ գործ չունեմ, փորձ էլ չունեմ, բայց ուզում եմ հեռուստատեսությունում աշխատել»:

Ընդառաջում են: Առաջարկում են օպերատորի տեխնիկական սպասարկող դառնալ: Սիրով համաձայնում է: Չանցած 6 ամիս՝ Ջոնին արդեն օպերատոր էր: Դա իսկապես մեծ հաջողություն էր, քանի որ մյուսներն օպերատոր դառնալու համար շատ ավելի երկար ճանապարհ էին անցնում: Երեք տարի հեռուստաընկերությունում իբրև օպերատոր աշխատելուց հետո, երբ արդեն իր մասնագիտության մեջ բավականին կայացել էր, փորձում է առաջ գնալ: Աշխատանքի է ընդունվում ամսագրում՝ իբրև լուսանկարիչ: Ֆոտոապարատը նրան ավելի էր ձգում, քան տեսախցիկը, փորձում է այդ ոլորտում էլ հմտանալ: Հետո սկսում է անհատական պատվերներ կատարել՝ հարսանիք, ծնունդ, կնունք…

Ջոնին սեփական ուժերով փորձում էր ամրապնդել իր տեղն ու դերը կյանքում, հաստատվել իբրև մարդ ու մասնագետ, բայց շարունակում էր մնալ առանց անձը հաստատող փաստաթղթի: Իսկ դա երիտասարդ տարիքում ու հատկապես Լիբանանում չափազանց լուրջ ու վտանգավոր խնդիր էր: Մի օր, երեկոյան աշխատանքից «տուն» վերադառնալիս, ներքին գործերի ծպտյալ աշխատակիցը նրան կանգնեցնում է: «Ձմեռ էր, ցուրտ, գլխիս պաղեստինցու պես շարֆ էի փաթաթել,- հիշում է նա,- հարցրեց՝ ո՞վ եմ, ասացի՝ օպերատոր եմ, աշխատանքից տուն եմ գնում: Չհավատաց, ասաց՝ փաստաթղթերդ տուր, ասացի՝ մոռացել եմ տանը, միշտ էդպես էի ասում, երբ կանգնեցնում էին: Նայեց ինձ, ասաց՝ դու պաղեստինցի ես, եկել ես էստեղ պայթյուն անելու: Բռնեցին, տարան բանտ: Այդ ժամանակ դեռ հեռուստաընկերությունում էի աշխատում, զանգեցի մեր ղեկավարներին, էնտեղից ասացին՝ մեր երեխան է, հենց հիմա ազատ արձակեք: Էդպես ազատվեցի»:

Մի հայ ընտանիք կա Բեյրութում՝ Սալխանյաններ, որոնք Բեյրութում հայտնի երեք գործարար եղբայրներ են: Ասում է՝ նրանցից Նիկոլ Սալխանյանն իր համար անմոռանալի մարդ է, իրեն շատ դժվար իրավիճակներում է օգնել: «Հենց նա էլ սկսեց զբաղվել իմ փաստաթղթերի, անձնագրի հարցերով: Մի քանի փաստաբանների դիմեցինք, բայց դրամը վերցնում էին, գործը չէին կարողանում անել, շատ դժվար էր»:

Johny Kondakjian Eagle-ի լուսանկարը:Հետո, երբ իմանում են, որ Հայաստանը քաղաքացիություն է շնորհում ծագումով հայերին, դիմում են Լիբանանում Հայաստանի դեսպանատուն: Սկզբում դժվարություններ են առաջանում, քանի որ չկար որևէ հաստատող փաստաթուղթ, որ Ջոնին հայ է: Բայց քանի որ նա հայկական եկեղեցում մկրտված էր, կարողանում են այդ հիմքով դիմել քաղաքացիություն ստանալու համար: «2014-ին դիմեցինք, 2015-ին դրական պատասխանը եկավ: Փաստորեն, 2015-ին ես նորից ծնվեցի»,— ասում է Ջոնին և ուզում է անպայման շնորհակալություն հայտնել Լիբանանում Հայաստանի դեսպանատան աշխատակիցներին, որոնք սրտացավորեն ամեն ինչ արեցին, որ գործը գլուխ գա, իսկ վերջում իրենից շատ էին ուրախացել:

Ի դեպ, 2014-ին Ջոնին 26 տարեկան էր, և նրան Հայաստանի դեսպանատանը զգուշացնում են, որ եթե մինչև 27 տարեկանը տեղափոխվի Հայաստան, ապա պետք է մեկնի ծառայության: «Ես ասացի՝ պրոբլեմ չկա, ինձ պասպորտ են տալիս, բա ես մի բան չանե՞մ Հայաստանի համար: Եվ իսկապես պատրաստ էի գալ ու գնալ ծառայելու»:

Երբ Հայաստանից ՀՀ քաղաքացիության հետ կապված դրական պատասխան էր ստացել և պետք է գար անձնագիրը ստանալու, այդ ժամանակ աշխատում էր Լիբանանի «The voice» նախագծում, որը չափազանց մեծ վարկանիշ ուներ ոչ միայն Լիբանանում, այլև ամբողջ արաբական աշխարհում: «Երգիչների քասթինգ կոորդինատորն էի, շատ լավ էր գործս, ամենաբարձր աշխատավարձն այնտեղ եմ ստացել՝ ամսական մոտ 1300 դոլար»:

Արձակուրդ է վերցնում, մեկ ամսով գալիս Հայաստան, որ անձնագիրը ստանա և ծանոթանա Հայաստանին: Հետո վերադառնում է Լիբանան: Երեք ամիս անց ավարտվում «The voice» նախագծում աշխատանքային պայմանագիրը, և Ջոնին որոշում է մեկընդմիշտ տեղափոխվել Հայաստան: «Ասացի՝ վերջ, գնամ իմ երկիրը, նորմալ ապրեմ»:

Այդպիսով 9 տարի Լիբանանի արաբական գիշերօթիկում և 7 տարի հայկական ծերանոցում ապրելուց հետո, 2015 թվականին Ջոնին գալիս է Հայաստան: «Մի քիչ փող ունեի՝ 1000-1500 դոլար, եկա, բնակարան վարձեցի ու փորձեցի ամեն ինչ զրոյից սկսել: Սկզբում շատ դժվար էր, բայց կամաց-կամաց պատվերներ ստացա: Հիմա էլի դժվար է, հեշտ չէ, պատվերներ շատ չկան, բայց փորձում եմ իմ սեփական ֆոտո-վիդեո ստուդիան հիմնել: Դա իմ երազանքներից մեկն է»:

Հետաքրքիրն այն է, որ Հայաստան գալուց հետո նամակով դիմում է «Արմենիա» հեռուստաընկերություն, ներկայացնում, որ աշխատել է Լիբանանի «The voice» նախագծում, որն իր մասշտաբներով մի քանի անգամ գերազանցում էր հայկական նախագծին: Հույս ուներ, որ աշխատանք կառաջարկեն, սակայն հեռուստաընկերությունից անգամ նամակին չեն պատասխանում:

Johny Kondakjian Eagle-ի լուսանկարը:Ջոնին ժամանակին Լիբանանում բարեգործական մի ծրագրի է մասնակցել, որի շրջանակներում սիրիացի փախստական երեխաներին անվճար լուսանկարչություն և օպերատորություն էր սովորեցնում: Հիմա ուզում է նույնը Հայաստանի սահմանամերձ գյուղերի երեխաների համար կազմակերպել. «Դա էլ իմ մյուս երազանքն է Հայաստանում»,- ասում է Ջոնին, որ երկու տարվա ընթացքում հասցրել է լինել Հայաստանի գրեթե բոլոր անկյուններում, այդ թվում՝ Արցախում, սիրել այս երկիրը՝ իր բոլոր դժվարություններով, և իր հետագա բոլոր երազանքներն ու նպատակները կապել այս երկրի հետ: Ասում է՝ հնարավորություն ունի Եվրոպա գնալու, բայց երբեք չի գնա: «Վերջերս երիտասարդական ծրագրով Հունգարիայում էի, կարող էի դիմել իբրև փախստական, 3-4 տարի բանտի նման ապրել փախստականների ճամբարներում, որ ինձ համար նույն գիշերօթիկն է: Բայց ինձ լրիվ հերիք է իմ ապրած գիշերօթիկը»:

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր