​«Շէ Վարդան». Փարիզի կենտրոնից՝ Խանջյան 13

49626_large

Ռեստորան Փարիզի ամենահայտնի թաղամասերից մեկում, հանրահայտ հաճախորդներ, մասնագիտական վերելք, բարեկեցիկ կյանք: Էլ ի՞նչ է պետք լիարժեք երջանկության համար… Պետք է սեր ու հայրենիք: Ահա թե ինչն է Լիբանանում ծնված, 9 տարեկանից Փարիզում ապրած երիտասարդ Վարդան Սեպտջյանին 2015 թվականին բերում Հայաստան: Վիրտուալ տարածքում ընտրած սիրելիին իրականում տեսնելու, նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու համար Վարդանը 7-օրյա այցով գալիս է Հայաստան, բայց այստեղ է մինչ օրս: Վարդանը Փարիզում հայտնի խոհարար էր. 22 տարեկանում Փարիզի կենտրոնում սեփական ռեստորանն է բացում «Շէ Վարդան» (բառացի՝ Վարդանի մոտ) անունով: Ասում է՝ ռեստորանների նման անվանումները Փարիզում վաղուց էին ընդունված: Ֆրանսիական ու եվրոպական տարբեր խոհանոցների բազմազան ուտեստները, որոնք հայ խոհարարի ձեռքով անմահական էին դառնում, «Շէ Վարդան» էին բերում Ֆրանսիայի ամենահեղինակավոր ու ամենահայտնի մարդկանց՝ մշակութային, պետական ու քաղաքական գործիչների, որոնց անունները լսելիս ակամա բացականչում եմ, բայց Վարդանը խնդրում է չհրապարակել, քանի որ ուզում է՝ դրանք հնչեն անակնկալի ձևով, Երևանում սեփական ռեստորանը բացելուց հետո:

Իսկ մինչ Երևանում ռեստորան կբացի, խոհարար Վարդանն իր համի գաղտնիքը երևանցիներին է փոխանցում Խանջյան 13 հասցեում գտնվող արագ սննդի կետ-տնակի միջոցով: «Շէ Վարդան». անվանումը նույնն է, բայց Փարիզի ընդարձակ ռեստորանի փոխարեն փոքրիկ, գեղեցիկ փայտե տնակ է, որի վրա Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշներն են ծածանվում, իսկ պատուհանից հաճախորդներին են մատուցվում անկրկնելի սենդվիչներ, համեղ շաուրմա, ավանդական ֆրանսիական կրեպ և այլ արագ պատրաստվող ուտեստներ: Մեկ ժամվա ընթացքում, մինչ Վարդանի հետ զրուցում ենք, հաճախորդների հոսքը չի դադարում։ — Երևում է՝ գործը լավ է,- ասում եմ: — Շատ լավ է,- շեշտում է Վարդանը,- դե որակյալ է, բացի այդ, մարդիկ ուզում են նոր բան ուտել: Օրինակ՝ հավի շաուրմա եմ պատրաստում լավաշով, բայց ֆրանսիական փոշիներով, որ տարբերվի: Մինչ սննդի կետը բացելը՝ Վարդանը Հայաստան վերադառնալուց հետո մեկուկես տարի աշխատել է «Քարֆուրում», հետո՝ մեկ տարի «ՍԱՍ ֆուդի» շեֆ խոհարարն է եղել: — Երբ բացեցի այս տեղը, պայթյուն եղավ, ժողովուրդն ամեն կողմից մոտեցավ: 5 ամիս արդեն կա՞, Սոն: — Այո,- արձագանքում է Սոնան, որ աշխատանքից հետո եկել է նրան օգնելու։ Հայկական ճաշերի մասին Վարդանն ասում է՝ մի քիչ հին են: — Ֆրանսիայում ճաշերը շատ զարգացած են: Եթե հարիսա սարքեմ, տեսքը դուրերնին պիտի չգա: Պետք է հայկական խոհանոցը նորացնել: Երբ Երևանում ռեստորան բացեմ, պիտի միքս անեմ, հայկականն ու ֆրանսիականը խառնեմ իրար, մի նոր բան ստանամ: Էդ ժամանակ հարիսան ուրիշ ձևով կպատրաստեմ: Արդեն մտածել եմ, բայց գաղտնիք է,- ծիծաղում է:

Ասում է՝ մինչև ռեստորան բացելը շատ կարևոր է այս փոքրիկ սննդի կետով զգալ ու հասկանալ հասարակության ճաշակն ու նախասիրությունները սննդի ու համերի նկատմամբ: Սա, փաստորեն, յուրօրինակ փորձաշրջան է մեծ բիզնես սկսելուց առաջ: Հարցնում եմ՝ այս ընթացքում նկատե՞լ է արդեն, թե ինչ են սիրում ուտել հայաստանցիները՝ յուղալի՞ ուտեստներ, թե՞ ավելի նուրբ, եվրոպակա՞ն, թե՞ արևելյան: — Կշտացնող,- պատասխանում է ու ծիծաղելով ցույց տալիս սենդվիչը, որը Ֆրանսիայում մեծերն էին գնում, իսկ այստեղ համարվում է մանկական չափաբաժին: Վարդանը Ֆրանսիայում խոհարարական երկամյա դպրոցն ավարտելուց հետո առաջին անգամ աշխատանքի է անցել Փարիզի հանրահայտ «Ռից» (Ritz) հյուրանոցի ռեստորանում (սա այն հյուրանոցն է, որտեղից դուրս գալուց հետո ավտովթարի ենթարկվեց արքայադուստր Դիանան): Այնտեղ աշխատել է մեծ խոհարարների հետ և նրանցից շատ բան է սովորել: — Երբ դեռ Լիբանանում էինք, մեծ մամաս փուռի մեջը տավարի մսով, լոլիկով, բուլղարական բիբերով «թավա» էր սարքում, քովը կանգնում էի: Էդ քաշողական բանը ունեի, բայց դեռ 7 տարեկան էի, միտք չունեի խորանալ,- հիշում է Վարդանը:- Մասիսին ու Սիսին հետևում՝ Ամանոս լեռներում ապրող իմ մեծ պապիկներս ու հայրիկներս խոհարար եղած են, հետո հասկցա, որ իրենցմե ժառանգել եմ: Հայաստանի կյանքը Վարդանի համար մի քիչ անսովոր է, մարդկային հարաբերությունները, շփումը ֆրանսիականից շատ են տարբերվում, բայց որքան էլ տարբեր լինի, մեկ է՝ իրեն այստեղ մի տեսակ հանգիստ ու ապահով է զգում, մանավանդ որ շուրջբոլորը հայերեն է հնչում: — Էդքան հայ չէի տեսած կյանքում,- ծիծաղում է Վարդանը,- գիտե՞ք, մի երկիր, որ սիրում ես, վատ բաները չես տեսնում: Իմ աչքին վատ բաները չեն երևում: — Ինքը շատ լավատես է, դրական էներգիայով ու լավատես մարդ,- կողքից հավելում է Սոնան: — Այո, ես նեգատիվ մեկը չեմ, բայց նկատեցի, որ այստեղ նեգատիվը շատ է: Նայեցեք ինձ, ես հոս եմ, կարող էի Փարիզում մնալ կամ Լաս Վեգաս գնալ, ընտանիքիս անդամների մեծ մասն այնտեղ է, ինձի ասին՝ Վարդան, արի մի բան բաց Լաս Վեգաս, ասի՝ չէ, հեչ հետաքրքրված չեմ: Ոչինչ, թող այստեղ քիչ շահեմ՝ լավ շահեմ, պետք չունիմ միլիոններ կուտակելու:Շէ Վարդան

Վարդանն ու Սոնան ապագա մեծ նպատակներ ունեն: Դեռ պետք է պաշտոնապես ամուսնանան, Վարդանը պետք է Հայաստանի Հանրապետության քաղաքացի դառնա, որի համար արդեն դիմել է, պետք է մեծ առանձնատուն գնեն և այլն: Անանձնական երազանքներ էլ կան, օրինակ՝ Վարդանն ուզում է, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը դառնա առնվազն 250 հազար դրամ: — Ֆրանսիա մինիմալ աշխատավարձը 1200 եվրո է, այստեղ ժողովուրդը շատ վատ կվարձատրվե, դա համապատասխան չէ իր աշխատածին: Այսօր շատ մարդիկ կանցնեն այստեղով և կհարցնեն՝ ի՞նչ ունեք 100 դրամի: Ասում եմ՝ կներեք, ոչ մի բան: Խղճում եմ այդ մարդկանց, մեջս վառվում է, բայց 100 դրամով ի՞նչ սարքեմ: 200 դրամով հոթ-դոգ եմ սարքում, բայց դա էլ սահման ունի, մարդկանց հոթ դո՞գ կերցնեմ ամեն օր: Այնուամենայնիվ, Վարդանը համոզված է, որ նաև Սփյուռքից հայրենիք տեղափոխված հայերն են փոխելու ու առաջ տանելու այս երկիրը: — Դրսում 9 միլիո՞ն ենք: Թող դրա 10 տոկոսը գա Հայաստան, բայց գա 30 տարեկանում, ո՛չ շուտ, ո՛չ ուշ: Մեծ տարիքում գալ չարժե, քանի որ մեր Հայաստանը ծերանոց չէ, որ գան այստեղ իրենց ծերությունն անցկացնեն, ոչ էլ տրանզիտ է, որ գան, այստեղից ուրիշ տեղ գնան: 30-ում թող գան, որ հասցնեն դրսում սովորեն, էստեղ իրենց սովորածը ներդնեն։ Այդպես Հայաստանը կզարգանա: Օրինակ՝ ես, մի պուճուր քար եմ, բայց արդեն արձագանք եմ տալիս…

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր