Մարգարյան հիվանդանոցի շարունակությամբ, դեպի Կողբացի խաչմերուկ, եռահարկ, սև տուֆից մի հրաշալի շենք կա, որի մոտով անցնելիս ակամա զգում ես կառույցի երբեմնի շուքն ու տխրում անփառունակ ներկայից: Ռուսական կայսրության Պետական բանկի (հիմնված 1860 թվականին) երևանյան մասնաճյուղն է կամ, ինչպես ասում են, Երևանի պետական բանկը, որն արդեն 125 տարեկան է:
Ռուսական կայսրության ֆինանսական «դրոշմը» հին Երևանում
1893 թ. հոկտեմբերի 7-ին նախկին Ցարսկայա և Մալյարնայա փողոցների խաչմերուկում (այժմ՝ Արամի և Կողբացի) պաշտոնապես բացվել է Երևանի պետական բանկը: Այն ստեղծվել է Ռուսական կայսրության ֆինանսների նախարարության որոշմամբ՝ կատարելով պետական բանկի ֆինանսական գործարքներ, այդ թվում՝ ավանդների պահպանում, կարճաժամկետ վարկերի վճարում, պարտատոմսերի գրանցում, ոսկու, արծաթի, թղթադրամների առքուվաճառք և այլն: 1914 թվականին բանկում աշխատել է ընդամենը 13 հոգի՝ կառավարիչը, տեսուչն իր օգնականով, հաշվապահն իր 3 օգնականներով, գանձապահն իր 2 օգնականներով և մանր վարկերի գործով 3 տեսուչ:
XX դարասկզբին Հայաստանում, կապիտալիստական հարաբերությունների զարգացմանը զուգահեռ, տեղի էր ունենում կապիտալի կենտրոնացում: Երևանում այդ ժամանակ բացվել են Ազով-Դոնի, Վոլգա Կամսկի, Կովկասյան, Թիֆլիսի վաճառականների բանկերի բաժանմունքները, իսկ Ալեքսանդրապոլում՝ Հասարակական քաղաքային բանկը: 1914 թ. Երևանում գործում էին շուրջ 10 բանկային հաստատություններ:
Երևանի պետական բանկի շենքի մասին իր աշխատության մեջ ճարտարապետ Մարիետա Գասպարյանը գրում է, որ 1900-ականներին բանկի համալիրը բաղկացած էր 3 մասնաշենքերից, որոնք կենտրոնացած էին ներքին բակի շուրջ: Սև տուֆից գլխավոր մասնաշենքը, որն այն ժամանակ երկհարկանի էր, կառուցվել է ավելի ուշ՝ 1902 թ.: Կառույցի ճարտարապետներն են Վասիլի Միրզոյանը և Նիկոլայ Կիտկինը: 1934 թ. ճարտարապետ Նիկողայոս Բունիաթյանը վերակառուցել է շենքը՝ պահպանելով ճարտարապետական ընդհանուր տեսքը և ավելացնելով երրորդ հարկն ու ձախակողմյան հատվածը: Այդ փոփոխությունն այնքան համահունչ է կառույցի նախնական տեսքին, որ թվում է՝ կառուցված է միաժամանակ, մեկ ճարտարապետի կողմից:
1918 թ. երևանյան մասնաճյուղը, ինչպես և Ռուսական կայսրության պետական բանկի բոլոր մասնաճյուղերը, լուծարվել է, որից հետո շենքը հատկացվել է Հայաստանի առաջին Հանրապետության պետական բանկին (1918-1920 թթ.): 1920-ականներից՝ Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո կառույցը գտնվել է Ֆինանսների ժողովրդական կոմիսարիատի հաշվեկշռում:
Բանկից՝ հիվանդանոց
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից սկսած, երբ այստեղ տեղակայվել է զինվորական հոսպիտալ, նախկին բանկի տարածքում գործել է հիվանդանոց: 1919 թ. գլխավոր տուֆակերտ կառույցի հետնամասում գտնվող մասնաշենքերում հիմնվել է Քաղաքային երկրորդ կլինիկան, որը գործում է մինչ օրս: Այժմ այն կոչվում է «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ, իսկ գլխավոր մասնաշենքը, որն էլ մեր հոդվածի հիմնական թեման է, ծառայել է իբրև ծննդատուն: Պատահական չէ, որ սպիտակ, գեղեցիկ զարդաքանդակներով փայտյա դռան աջ կողմում մոր և մանկան քանդակ է փակցված: Դռան աջ կողմում էլ խորհրդային ժամանակներից ի վեր դեռ մնում է «Պահպանվում է պետության կողմից» ցուցանակը, որը զավեշտալի հակադրություն է ստեղծում շենքի ներկա վիճակի հետ:
Ո՞ւմ է պատկանում Երևանի առաջին բանկի գլխավոր մասնաշենքը
Պարզեցի, որ շենքի սեփականատերը ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն է: Ինձ հետզրույցում Քուշկյանը հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ շենքը գնել է 10-15 տարի առաջ: Քանի որ շենքի ձեռքբերման տարեթվի մասին տեղեկությունը հստակ չէ, չենք կարող հաստատել, որ այն ձեռք է բերվել նախարար եղած ժամանակ:
Սակայն տեղեկություններ կան, որ ժամանակին Քուշկյանը ցանկություն է ունեցել շենքը վերանորոգել և դարձնել բազմաֆունկցիոնալ տարածք, անգամ հարկայնությունը բարձրացնելու նպատակ է եղել: Նա չհերքեց, որ նման մտադրություն ունեցել է, բայց ասաց, որ հետագայում մտափոխվել է: Նաև նշեց, որ հիմա այդ շենքով զբաղվելու ո՛չ ցանկություն, ո՛չ էլ ժամանակ ունի, քանի որ իրեն ավելի շատ հետաքրքրում է առողջապահական ոլորտի իր գործունեությունը: Եվ քանի դեռ այդ ոլորտում բազմաթիվ ընթացիկ և ապագա ծրագրեր ունի, Արամի 54 հասցեում գտնվող պատմամշակութային շենք հանդիսացող իր սեփականությամբ չի զբաղվելու: «Մի երկու տարի հետո այդ շենքի հետ կապված միգուցե ինչ-որ բան մտածեմ, կամ թող հետագայում երեխաներս մտածեն: Համենայն դեպս, ինչ էլ որ այդ շենքը դառնա, արտաքին տեսքը հաստատ փոփոխման չի ենթարկվելու: Իհարկե, որ ուզենք էլ փոփոխել, չենք կարող, օրենքները թույլ չեն տա: Ընդհանրապես հին շենքերը վերանորոգելն ու օգտագործելը բավականին բարդ գործընթաց է, ավելի բարդ, քան նոր շենք կառուցելը: Այդ շենքում սենյակներ կան, որոնց բարձրությունը 7 մետր է: Մի խոսքով, այս պահին ես այդ շենքի հետ կապված որևէ ծրագիր չունեմ»,- ասաց Քուշկյանը:
Երևանի պետական բանկի շենքը ներառված է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում: Օրենքը պահանջում է, որ նման շենքերի սեփականատերը կամ օգտագործողը մշակույթի նախարարության համապատասխան գործակալության հետ ունենա պահպանման պարտավորագիր, որտեղ հստակ նշված կլինեն շենքի պահպանման նորմերը, որպեսզի սեփականատերը կամ օգտագործողը իրավունք չունենա փոխելու կառույցի տեսքը, իսկ որևէ փոփոխություն կամ վերանորոգում անելու դեպքում պետք է ստանա նախարարության թույլտվությունը: Ցավոք, հուշարձան շենքերի մեծ մասի դեպքում սեփականատերերի կամ օգտագործողների հետ այդ պարտավորագիրը կնքված չէ:
ՀՀ մշակույթի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երևանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ասում է՝ դա բարդ և իրավական առումով խնդրահարույց գործընթաց է:
Նրա խոսքով՝ հաճախ Պետական գույքի կառավարման վարչությունն իրենց չի տեղեկացնում, որ պատմամշակութային հուշարձան համարվող այսինչ շենքը սեփականաշնորհվել է: Կամ օրինակ՝ սեփականատերերը փոխվում են, իսկ նոր սեփականատիրոջը չի փոխանցվում նախկին պարտավորագիրը և այլն: Կարո Այվազյանը նշում է, որ արտերկրում նման շենքերի սեփականատերերին պետությունը որոշակի արտոնություններ է տալիս, որոշ հարկերից ազատում, բայց փոխարենը շենքի պահպանման մեծ պարտավորություններ է դնում նրաց վրա: Փաստորեն, մեզ մոտ այս ոլորտը թերի է թե՛ իրավական առումով, թե՛ մշակութային ու բարոյական, և մեծ մասամբ շենքն ըստ արժանվույն պահպանելու պարտավորությունը լավագույն դեպքում կախված է սեփականատիրոջ ցանկությունից և իր գույքի արժեքն ընկալելու մակարդակից, ծայրահեղ դեպքում՝ հասարակական ճնշումից: Հուսանք, որ Երևանի պետական բանկի շենքը կվերագտնի իր երբեմնի վեհաշուք տեսքն ու նշանակությունը և կզարդարի մեր քաղաքն իր պատմական, մշակութային բարձր արժեքով: