2000 թ. 11-ամյա Քրիսն ընտանիքով առաջին անգամ Լոնդոնից եկել էր Հայաստան։ Հորաքրոջ հետ Երևանի սրճարաններից մեկում նստած վայելում էին մայրաքաղաքի շունչը, երբ շենքի վերևի հարկից, որտեղ շինարարություն էր ընթանում, հանկարծ մի մեծ քար ընկնում է ուղիղ հորաքրոջ ու իր վրա։ Քրիսի քիթն է կոտրվում, հորաքրոջ գլուխն է վնասվում, տեղափոխվում են հիվանդանոց։
Թվում էր, թե հենց հաջորդ օրը պետք է տոմս գնեին ու վերադառնային Անգլիա։ Բայց Քրիսը ոչ միայն մտադիր չէր Հայաստանից «փախչել», այլև անվերադարձ սիրահարվել էր հայրենիքին։
«Այդ ժամանակվանից սկսած՝ ամեն տարի գալիս էինք Հայաստան, վերջին տարիներին նույնիսկ տարին մի քանի անգամ, իսկ 2017 թվականի նոյեմբերից մշտապես տեղափոխվեցի էստեղ»,- պատմում է հայրենադարձ Քրիստափոր Ազիզյանը։
Այն, ինչ առաջին իսկ այցից ամենաշատն էր տպավորել Քրիսին, շուրջբոլորը միայն հայ տեսնելն էր․ «Այնքան լավ էի ինձ զգում, ոնց որ տանը լինեի»։
Քրիսի ծնողներն իրանահայեր են։ Երիտասարդ տարիքում գնացել են Լոնդոն սովորելու, այնտեղ ծանոթացել են, ամուսնացել ու մնացել Անգլիայում։ Քրիսն ու քույրը ծնվել են Լոնդոնում, սովորել անգլիական դպրոցում, հաճախել հայկական կիրակնօրյա դպրոց։ Ընտանիքն ակտիվորեն ներգրավված է եղել հայ համայնքի կյանքում։ Սակայն Հայաստան վերադառնալու միտք անգամ երբևէ չի քննարկվել, մինչև․․․
«16 տարեկան էի։ Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի կրթությունս շարունակել Երևանում, բայց ծնողներս խորհուրդ տվեցին բարձրագույնը սովորել Անգլիայում»։
Քրիսը Լոնդոնում համալսարան է ընդունվում, սովորում բիզնես կառավարում, ավարտելուց հետո աշխատանքի անցնում Լոնդոնի «Էյչ Էս Բի Սի» բանկում, սակայն Հայաստան վերադառնալու միտքն ավելի ու ավելի է խորանում։ Չորս տարի աշխատելուց հետո, երբ արդեն բավականաչափ փորձ էր ձեռք բերել, որոշում է ամեն ինչ թողնել ու տեղափոխվել։ Վերջնական որոշման գալու հարցում օգնում է ընկերը՝ Արմեն Խաչատրյանը, որը Լոնդոնից Հայաստան էր տեղափոխվել 2016-ին։ «Արմենն ասաց՝ շատ գոհ եմ, շատ ուրախ և խորհուրդ տվեց անպայման տեղափոխվել» Եվ ահա Քրիսի երազանքն իրականանում է․ 2017-ի նոյեմբերից նա մշտապես ապրում է Հայաստանում ՝ էներգիայով, խանդավառությամբ, նոր մտածելակերպով ու նոր գաղափարներով լի։
Չնայած բանկային համակարգում ունեցած փորձին ու գիտելիքներին՝ նա որոշում է ոլորտը թողնել և ընկերոջ՝ Արմենի հետ բիզնես սկսել Հայաստանում։ Այդպես ստեղծվում է «Էլ բուրիտո» մեքսիկական արագ սննդի կետը, որն ընդամենը 2 ամսվա պատմություն ունի, բայց հասցրել է երևանյան բազմազան սննդի ցանցում յուրօրինակ տեղ զբաղեցնել։
«Հայը պետք է ապրի Հայաստանում,- ասում է Քրիսը,- այո, թող գնան դրսում սովորեն, որոշ ժամանակ ապրեն, աշխատեն, բայց անպայման վերադառնան ու իրենց փորձը բերեն Հայաստան»։
Քրիսը խոստովանում է՝ կյանքն այստեղ ավելի հանգիստ է, մարդիկ ավելի ջերմ են, մի խոսքով՝ իրեն այստեղ ավելի հանգիստ ու լավ է զգում․ «Լոնդոնում շատ ընկերներ ունեմ, որոնց հետ երկար տարիներ ընկերություն եմ անում, բայց երբ այստեղ մեկի հետ ծանոթանում եմ, ոնց որ հազար տարվա ընկերս լինի»։
Երևան տեղափոխվելուց հետո միակ բանը, որի պակասն զգում է, լոնդոնյան ապրանքների և ծառայությունների շուկայի առատությունն է․ «Դե պարզ է, Լոնդոնը մեծ քաղաք է, և երբ ինչ-որ բան ես ուզում, ընտրության մեծ հնարավորություն ունես, միայն դա եմ կարոտել, իսկ ընդհանրապես ինձ համար աշխարհի կենտրոնը Երևանն է»։
2000 թ. Հայաստանի հետ կապ հաստատելուց ի վեր Քրիսը հասցրել է գրեթե բոլոր անկյուններում լինել, միակ բացթողումը Արցախն է, բայց դա էլ շուտով կլրացնի։ Արցախյան հիմախնդիրն էլ լավ գիտի։ Ավելին, պատրաստ է հանուն Արցախի զենք վերցնել։ Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին, երբ դեռ Անգլիայում էր, օրական մի քանի անգամ Հայաստանի ընկերներ հետ կապ էր հաստատում՝ կազմ ու պատրաստ սպասելով, որ ցանկացած պահի գա և մեկնի ճակատ, չնայած ընկերներն ասում էին՝ զինվորական փորձ չունի, չեն թողնի։ Այսօր, երբ արդեն ապրում է Հայաստանում և պատրաստվում է ՀՀ քաղաքացիություն ստանալ, ավելի քան երբևէ պատրաստ է պաշտպանել հայրենիքը։
Հայաստանյան վերջին իրադարձություններից հետո Քրիսն ավելի դրական միջավայր է զգում իր շուրջը։ «Մարդկանց մեջ ինչ-որ հույս կա։ Առաջ, երբ իմանում էին, որ Անգլիայից տեղափոխվել եմ Հայաստան, զարմանում էին, ասում էին՝ ի՞նչ կա էստեղ, գործ չկա, բան չկա։ Հիմա ասում են՝ ապրես, շատ ճիշտ ես արել, բոլորը պիտի վերադառնան»։
Անկախության 27-ամյակը Քրիսը տոնելու է հպարտ ու հանգիստ խղճով։ Հայաստանում նա իրեն լիարժեք անկախ երկրի քաղաքացի է զգում․ «Ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ ասում են՝ ի՞նչ անկախություն, մենք անկախ չենք։ Հայաստանը պրոբլեմատիկ տեղում է, մի կողմից՝ Ադրբեջան, մյուս կողմից՝ Թուրքիա, բնական է, որ ինչ-որ երկրների հետ պետք է ավելի շատ համագործակցի, բայց դա չի նշանակում, որ անկախ չես, ազատ չես ու որոշումներ չես կարող կայացնել»։
Լոնդոնի փոխարեն Երևանը նախընտրած երիտասարդը բոլորին խորհուրդ է տալիս հույսը դնել սեփական ուժերի վրա, պայքարել, հավատալ և հասնել հաղթանակի։ Դա էլ հենց անկախության գրավականն է։ «Երբ ինչ-որ բան մարդկանց դուր չի գալիս, չպետք է նստեն ու բողոքեն, պետք է սեփական ուժերին հավատալով՝ պայքարեն ու հասնեն։ Նախքան վերջին հեղափոխությունը բոլորը բողոքում էին, բայց երբ հարցնում էիր՝ ինչո՞ւ մի բան չեք անում, ասում էին՝ ոչ մի բան էլ չի փոխվի։ Պարզվեց՝ կարող է փոխվել։ Հիմա մարդիկ պետք է հավատան ու շարունակեն պայքարել»։