​«Հենց Հայաստա՛նն է ապրելու տեղ»․ Լիդան կոտրում է կարծրատիպերը

57438_large

Լիդան մի քանի ամսական էր, երբ ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց Ռուսաստան։ Ամեն ինչ կարծես լավ էր, ինքն ու քույրը սովորում էին ռուսական դպրոցում, ծնվել էր նաև եղբայրը։ Բայց երբ արդեն դեռահաս էին, հայրը, որն արմատներով Գավառից էր (քյավառցի), որոշում է՝ իր երեխաները պետք է շարունակեն ապրել Հայաստանում։ Հոր որոշումը սվիններով ընդունած աղջիկները, որ այդ ժամանակ 13-14 տարեկան էին, հետո հասկացան, որ իրենց հայրը ճիշտ էր։ Հիմա արդեն շնորհակալ են այդ որոշման համար։ «Ճիշտ է, մենք ամեն ամառ գալիս էինք պապիկ-տատիկի մոտ՝ Քյավառ, ու հետո երբ մեզ հարցնում էին՝ Հայաստանը ինչպիսի՞ն է, մենք նկարագրում էինք Քյավառը։ Մեզ համար հայերենն էլ քյավառա բարբառն էր,-ծիծաղում է,- իսկ երբ տեղափոխվեցինք Հայաստան, շատ ծանր էինք տանում, ասում էինք՝ մեր Ռուսաստանը, մեր ընկերները, մեզ էստեղ ոչ ոք ծանոթ չի, մեր խոսացածը չեն հասկանում (քյավառա բարբառը), ռուսերեն էլ ոչ բոլորը գիտեն»։

Վերադարձից մոտ երկու տարի հետո, երբ Լիդան ռուս դասընկերներից մեկի հետ խոսելիս հարցուփորձ է անում, պարզում է, որ նախկին դասարանից մի քանիսը լուրջ առողջական խնդիրներ ունեն՝ կապված ծխելու, ալկոհոլի և թմրանյութերի հետ։ «Դա ինձ հերիք էր, որ հասկանայի, թե ինչ ճիշտ էր մեր վերադարձը»։

Մի բան էլ կա, որ մինչ օրս Լիդան չի մոռանում․«Երբ ուզում էին քեզ կպնել, բայց չգիտեին ոնց կպնել, որովհետև դու լավ մարդ ես, ազնիվ ես, բարի, կպնում էին քո հայ լինելուն, ավելի ճիշտ հայ լինելն էլ էր լավ, դրանից չէին կարող կպնել, ասում էին՝ դու «սև» ես։ Ճիշտ է, նման խոսակցություն ինձ հետ մի անգամ է եղել, բայց ես առաջին անգամ զգացի, որ ինչ-որ բան այն չի․․․»։

Այդուհանդերձ, խոստովանում է, որ Ռուսաստանից իր հետ բերել է շատ կարևոր մի բան, որը գուցե այստեղ չկարողանար ունենալ՝ ազատ մտածողությունը։ «Ինձ թվում է՝ Ռուսաստանից է, որ ես այսքան շատ եմ սիրում ազատությունը և ուզում եմ, որ ինձ հետ շփվող մարդիկ էլ ազատ լինեն, փորձում եմ դա իրենց մեջ մտցնել»։

Անցյալ տարի Լիդան ավարտել է Հայ-ռուսական սլավոնական համալսարանը՝ քաղաքագետի մասնագիտությամբ։ Խոստովանում է, որ ի սկզբանե քաղաքագիտությունն ու քաղաքականությունն իր երազանքների ոլորտը չեն եղել․ «Ես երազում էի դառնալ զինվորական, սիրում էի սնայպեր կրակել և այլն»,-ծիծաղում է,-դե, ինձ չթողեցին այդ ուղղությամբ գնալ, իսկ քաղաքագիտության ֆակուլտետ ընդունվեցի, որովհետև այդպես ստացվեց։ Բայց ամեն դեպքում երրորդ կուրսում ինձ տրամադրեցի, որ խորանամ այդ ուղղությամբ, նախագահական ապարատում որոշ ժամանակ աշխատեցի, այսինքն փորձեցի համոզվել՝ սա իմ ոլո՞րնտն է, թե չէ։ Ի վերջո, հասկացա, որ դա իմը չի»։

Ակտիվ, պրպտող, էնտուզիազմով լի։ Ահա այս հատկանիշներով կարելի է բնութագրել Լիդային։ Ու երևի պատահական չէր, որ 2018-ի ամռանը նա իբրև թիմ լիդեր մասնակցում է «Սևան ստարտափ սամմիթ» ՏՏ ոլորտի ամենահետաքրքիր միջոցառումներից մեկին։ Այդ միջոցառումից հետո Լիդան վերջնականապես հասկանում է, թե որն է լինելու իր հետագա գործունեությունը։ «Մինչ այդ էլ այ թի ոլորտն ինձ ձգում էր։ Սիրում էի նաև նկարել և ծանոթ ընկերությունների համար լոգոներ էի պատրաստում։ Հետո մտածեցի՝ եթե սա ինձ դուր է գալիս, ինչո՞ւ չզբաղվեմ հենց այս գործով։ Այդ ժամանակ նաև բիզնես հոգեբանություն էի ուսումնասիրում։ Գլխավոր միտքը, որ ինձ համար հանել էի, այն էր, որ մարդ պետք է զբաղվի նրանով, ինչն իրեն հաճույք է պատճառում և դա դարձնի նաև իր համար գործ»։

«Սևան ստարտափ սամմիթ»-ից վերադառնալով Երևան՝ Լիդան ամեն ինչ մի կողմ է թողնում և սկսում դիզայներական ծրագրեր սովորել։ Այն, ինչ նախատեսված էր սովորել մի քանի ամսում, սովորում է երկու շաբաթում։ Եվ ահա, շուտով սկսում է պատվերներ վերցնել։ Բայց վերցնում է միայն այն պատվերները, որոնք իրեն հոգեհարազատ են ու դուր են գալիս։ «Իմ կյանքի մյուս կարևոր գաղափարն էլ այն է, որ եթե մարդ ինչ-որ բան է ուզում և ուզում է սրտանց, անպայման ստացվում է։ Մի քանի ամիս է, ինչ սկսել եմ աշխատել, բայց այսօր արդեն չեմ հասցնում, այնքան շատ պատվերներ ունեմ։ Մտածում եմ աշխատողներ վերցնելու մասին։ Մինչև տարվա վերջ արդեն իմ ընկերությունը կստեղծեմ և պրոյեկտներ կվերցնեմ նաև դրսից»։

Լիդան տխրում է, որ Հայաստանում մեծ մասը մտածում է, թե գործ չկա կամ ասում է՝ Հայաստանն ապրելու տեղ չի։ «Ընդհակառակը, Հայաստանն այն տեղն է, որտեղ դու կարող ես քո ապագան ձևավորել, քո գործը դնել և նաև մարդկանց աշխատանքի ընդունել։ Ես, ապրելով Ռուսաստանում, հիմա էլ Հայաստանում, ստանալով քաղաքագիտական կրթություն՝ համոզված եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք փոխել, ամեն ինչ մեզանից է կախված։ Հայաստանը ոչ թե ապրելու տեղ չի, այլ հենց Հայաստա՛նն է ապրելու տեղ։ Իսկ ընդհանրապես, եթե մարդ ուզում է ինչ-որ բան ձեռնարկել, ինչ-որ բան առաջ տանել, բացարձակապես կարևոր չի, թե նա որտեղ է գտնվում»։

Facebook Twitter Linkedin

Առնչվող նյութեր