Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը հունվարի 28-ին Երևանում մի խումբ քաղակտիվիստներին անհամաչափ ուժ կիրառելով բերման ենթարկելու գործողությունները համարում է խայտառակ հետընթաց մեր պետության համար։
Իրավապաշտպանի խոսքով՝ այս իրավիճակը լուրջ մարտահրավեր է մեր պետության և ժողովրդի համար, և բոլոր նրանք, ովքեր չեն կորցրել մտածելու և առողջ դատելու ունակությունը, պետք է հստակ արտահայտեն իրենց դիրքորոշումը։ Նրան զարմացնում է հատկապես այն փաստը, որ շատ իրավապաշտպաններ լուռ են։
«Թվում է, թե իրավապաշտպանները պետք է պայքարեն բացասական երևույթների դեմ, բայց այսօր պարզվում է, որ փաստորեն, շատերն այս տարիների ընթացքում պայքարում էին առանձին քաղաքական ուժերի դեմ, և երևույթն իրենց չէր հուզում,-նկատում է նա,-սա ընդունելի չի, և թող ամեն մեկի խղճին սա մնա»։
Լարիսա Ալավերդյանի գնահատմամբ՝ նախօրեին տեղի ունեցածը նախևառաջ վկայում է իշխանությունների անօգնական լինելու և կառավարման համակարգի ճգնաժամի մասին։
«Երկրորդ՝ դա մեծ հարված էր ոստիկանությանը։ Հայաստանում ոստիկանությունը, իր բոլոր հակասական դրսևորումներով հանդերձ, այնուամենայնիվ ներքին կարգուկանոնի երաշխավորն է, և հիմա մենք տեսնում ենք, թե ինչպես է հլու-հնազանդ անհասկանալի և ամբողջովին հակաօրինական գործողություններ իրականացնում։ Ամեն մեկը, առաջին հերթին ոստիկանապետը, կրում է պատասխանատվություն, և թող չմտածեն, թե կարող են կիսել այդ պատասխանատվությունն իրենց հրաման տվողների հետ։ Նորմալ երկրում երեկվա դեպքերին կհետևեին հրաժարականներ»։
Ալավերդյանի խոսքով՝ նման գործելաոճը և նման անգրագետ, հակաիրավական և հակաօրինական գործունեությունը չի կարող ընդունելի լինել Հայաստանում։
«Մեր երկիրն իր հասարակությունով անցել է դժվարագույն պատմություն, և թող ոչ մեկին չթվա, թե այս մակարդակը մեր ժողովրդի մակարդակն է։ Այս ամենն անարդյունավետ է, համարժեք չէ այն իրավիճակին և այն մակարդակին, որն ունի մեր ժողովուրդն ու մեր հասարակությունը»։
Իրավապաշտպանի կարծիքով՝ պատահական չէր ընտրված նաև գործողությունների օրը։ «Բանակի նկատմամբ կա ներքին մերժողական վերաբերմունք, ես կարծում եմ, որ այդ օրը ևս պատահական չէր ըտրվել։ Եվ փոխանակ մենք այդ օրը փառք ու պատիվ տայինք մեր հերոսներին, ցույց տվեցինք այդպիսի մակարդակ։ Այստեղ հակաբարոյականության այնպիսի նկարագիր կա, որը շատերին պետք է մտածելու տեղիք տա»։
Անդրադառնալով գրիչի պատմությանը՝ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այն, ինչ արվեց երկրի ղեկավարի կողմից, միգուցե խոհանոցային նեղ շրջանակի համար էր, բայց համարժեք չէր երկրի ղեկավարին, այն էլ՝ անկախ երկրի և ՄԱԿ-ի անդամ պետության։
«Եթե սա որոշակի շրջանակների համար ցուցադրվող սերիալ էր, ապա գրիչի դրվագն ամենաանհաջողն էր։ Ի վերջո մենք պետություն ենք։ Նման գործելաոճը հարված է մեր պետության նկարագրին։ Այս առումով ես կոչ եմ անում բոլորին սթափվել»։
Լարիսա Ալավերդյանը բարձր է գնահատում Սահմանադրական դատարանի նախագահի և դատավորների պահվածքը, քանի որ անկախ բոլոր հարվածներից՝ նրանք շարունակում են կանգնած մնալ Սահմանադրության պաշպանության դիրքերում և դա անում են կատարյալ։
«Անգամ նման ցնցումները չեն խաթարում Սահմանադրական դատարանի դիրքերը, այն կանգուն է։ Եվ այստեղ է Հրայր Թովմասյանի և մյուս դատավորների նշանակությունը, որովհետև կրում են իրենց վրա պատասխանատվություն, քանի որ ամենավատ սահմանադրությունն անգամ պետք է հարգել»։
Իրավապաշտպանի խոսքով՝ այն օրվանից, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել դատարանի մուտքերն ու լքերը, երկրում տապալվում է սահմանադրական կարգը։
«Սա ոչ թե հետընթաց է, այլ տապալում, մենք գահավիժում ենք և կորցնում այն ձեռքբերումները, որ մեծ դժվարությունների գնով ունեցել ենք այս տարիների ընթացքում։ Սա նաև տապալում է իշխանության համար՝ իր հաշվարկների ու ծրագրերի առումով։ Այս ամենն ապացուցում է, որ իշխանությունը հայտնվել է անօգնական վիճակում և կառավարման ճգնաժամի մեջ»։